We Solve իրավաբանական ընկերությունը շնորհավորում է բոլորիս ՀՀ Սահմանադրության կարևորագույն օրվա առթիվ։ ՀՀ Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին հանրաքվեի միջոցով, այնուհետև, երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների՝ 2005 և 2015 թվականներին։ Այս խորհրդանշական օրվա լավագույն տուրքը կլինի Սահմանադրության մասին իրազեկվածության բարձրացումը։ Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ We Solve իրավաբանական ընկերությունը ծառայություններ է մատուցում գործարարության ոլորտում՝ որոշել ենք ձեզ ներկայացնել բիզնեսի սահմանադրական կարգավորումները։
Սահմանադրությունը ունի բարձրագույն իրավաբանական ուժ, որին պետք է համապատասխանեն բոլոր օրենքներն ու դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերը։
Սահմանադրության 2015 թվականի խմբագրությամբ ամրագրվել է, որ ՀՀ տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:
Իսկ ի՞նչ է սոցիալական շուկայական տնտեսությունը։
Տնտեսագիտությունում տնտեսության մեջ պետության ներգրավվածության տեսանկյունից տարանջատվում են երեք hիմնական մոդելներ՝
- ազատ շուկայական տնտեսություն,
- սոցիալական շուկայական տնտեսություն և
- պետական դերի գերակայությամբ շուկայական տնտեսության մոդել։
Սոցիալական շուկայական տնտեսությունը որպես մոդել գտնվում է ազատ շուկայական տնտեսության և պետական դերի գերակայությամբ շուկայական տնետեսության դոկտրինների մեջտեղում։ Եթե ազատ շուկայական տնտեսության դեպքում պետության միջամտությունը շուկայական հարաբերություններին իջեցված է նվազագույն մակարդակի վրա, ապա պետության դերի գերակայմամբ շուկայական տնտեսության դեպքում պետությունն է, որոշում՝ ինչ ապրանքներ և որքան պետք է արտադրվեն։ Այդպիսի տնտեսությունները հայտնի են նաև պլանային տնտեսություն անվամբ, և դրանցում սահմանափակված է ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքը, աշխատանքի ազատ ընտրության իրավունքը և մասնավոր սեփականության իրավունքը։ Նման համակարգերում չի կարող գործել ազատ շուկայական մրցակցություն, ինչն էլ իր հերթին հետընթաց է ապահովում սպառողների իրավունքների և շահերի ապահովման մեջ։
Սոցիալական շուկայական տնտեսության դեպքում պետության միջամտությունը շուկայական հարաբերություններին կատարվում է միայն ազատ մրցակցությունն ապահովելու, բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծելու, տնտեսական գործունեությանն ազատությունն ապահովելու համար։ Այս մոդելի դեպքում պետությունը չի պլանավորում տնտեսությունը, չի նախանշում արտադրվող ապրանքները կամ դրանց քանակը, սակայն իր կողմից վարվող խրախուսական քաղաքականության միջոցով կարող է խրախուսել որոշ ապրանքատեսակների արտադրությունը, իրացումը կամ ծառայությունների և աշխատանքների կատարումը։
Սոցիալական շուկայական տնտեսության նպատակն է ստեղծել այնպիսի տնտեսություն, որը կբարձրացնի հասարակության տնտեսական բարեկեցությունը, որով հնարավոր կլինի ապահովել անձի[1]աշխատանքի ընտրության, ձեռնարկատիրությամբ զբաղվելու, մասնավոր սեփականություն ունենալու իրավունքները։ Հասարակության բարեկեցությանը պետությունը ձգտում է հասնել մասնավոր սեփականության պաշտպաանության, տնտեսական գործունեության ազատության և ազատ մրցակցության պաշտպանության միջոցով։ Պետությունը պարտավոր է իր ակտիվ քաղաքականության միջոցով շուկայական հարաբերությունները ուղղորդել զարգացման, որում կապահովվի ազատ մրցակցությունը, սպառողների իրավունքներն ու շահերը պաշտպանությունը, բոլորի հավասարությունը և ազատ տնտեսական գործունեությունը։
Սոցիալական շուկայական տնտեսության հիմքում ընկած են ազատ շուկայական տնտեսության հիմնական տարրերը, սակայն ազատ շուկայական տնտեսության դեպքում պետության դերակատարությունը սահմանափակվում է շուկայի առաջարկ-պահանջարկ սկզբունքի պաշտպանությունով։ Մինչդեռ, սոցիալական շուկայական տնտեսության մեջ պետությունը պարտավոր է ակտիվ քաղաքականությամբ ապահովել նաև հասարակության բարեկեցությունը։
Սոցիալական շուկայական տնտեսությունը հիմնվում է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության։
Մասնավոր սեփականություն
Ի տարբերություն պլանային տնտեսությունների և սոցիալիստական հասարակարգերի՝ ՀՀ-ում հավասարապես ճանաչվում և պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը, այդ թվում և մասնավոր սեփականությունը։ Սեփականությունը իրենից ենթադրում է իրեն պատկանող գույքի տնօրինման, տիրապետման և օգտաործման իրավազորությունների ամբողջությունը։ Իսկ մասնավոր սեփականությունը ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձի սեփականության իրավունքն է որևէ գույքի նկատմամբ։ Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությանից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:
Ազատ տնտեսական գործունեություն
Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:
Ձեռնարկատիրական գործունեության հասկացությունը բացատրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածում, որի համաձայն ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է: Անձը պետք ինքնուրույն որոշի՝ ինչ գործունեությամբ պետք է զբաղվի, որ գործունեությունն է ավելի եկամտաբեր, կամ որ գործունեության մեջ է ավելի քիչ ռիսկ։
Այս իրավունքի բովանդակությունն է կազմում նաև գործարքներ և պայմանագրեր կնքելու ազատությունը։
Ազատ տնտեսական մրցակցություն
Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:
Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են:
Այս սահմանադրական նորմերի նպատակն է պաշտպանել և խրախուսել տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում։
Ձեռնարկատիրական գործունեության ազատության լավագույն պաշտպանությունը ազատ և բարեխիղճ տնտեսական մրցակցության միջավայր ստեղծելն է։ Բոլորը պետք է ունենան հավասար իրավունքներ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար, ինչպես նաև այդ իրավունքի իրացումը չպետք է արհեստականորեն խոչընդոտվի շուկայի այլ մասնակիցներ անբարեխիղճ կամ անօրինական գործողությունների պատճառով։
Այս բոլոր իրավական կարգավորումների ընդհանուր նպատակն է հիմքեր ստեղծել տնտեսական բերեկեցությունը բարձրացնող և սոցիալական արդարությունն ապահովող պետական քաղաքականության մշակման համար։
Ընդհանրացնելով՝ ՀՀ-ում տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, ազատ տնտեսական գործունեության և ազատ տնտեսական մրցակցության վրա։ Պետության պոզիտիվ պարտավորությունն է ապահովել նշված երեք իրավունքների պաշտպանությունը այնպիսի քաղաքականությամբ, որով կբարձրացվի տնտեսական բարեկեցությունը և կապահովվի սոցիալական արդարություն։
[1] ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն մարդը բարձրագույն արժեք է։
իմանալ ավելին